Wednesday, February 18, 2015

Ուսումնական փաթեթ. առաջին կիսամյակ (նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար)

Դասագրքեր

Դասարանում  (03.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
***
Զայսու ժամանակ միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ, յինքեանս արկանելով եւ զկէս Վրաց աշխարհին` մեծաւ ամբոխիւ տարածեալ ընդ աշխարհս մեր: Ժողովէ եւ Արտաշէս զիւրոց զօրացն բազմութիւն, եւ լինի պատերազմ ի մէջ երկոցունց ազգացն քաջաց եւ աղեղնաւորաց: Սակաւ ինչ տեղի տայ ազգն Ալանաց, եւ գնացեալ անցանէ ընդ գետն մեծ Կուր, եւ բանակի առ եզերբ գետոյն ի հիւսիսոյ եւ հասեալ Արտաշէս բանակի ի հարաւոյ, եւ գետն ընդ մէջ նոցա:
Բայց քանզի զորդի Ալանաց արքային ձերբակալ արարեալ զօրացն Հայոց ածեն առ Արտաշէս` զխաղաղութիւն խնդրէր արքայն Ալանաց, տալ Արտաշիսի զի՛նչ եւ խնդրեսցէ. եւ երդմունս եւ դաշինս ասէր հաստատել մշտնջենաւորս, որպէս զի մի՛ եւս մանկունք Ալանաց ասպատակաւ հինից ելցեն յաշխարհս Հայոց: Եւ չառնուլ յանձն Արտաշիսի առ ի տալ զպատանին` գայ քոյր պատանւոյն յափն գետոյն ի դարաւանդ մեծ, եւ ի ձեռն թարգմանաց ձայնէ ի բանակն Արտաշիսի:

Կարդա այսպես.
երդմունս - երդմունըս
յաշխարհս - հաշխարհըս
յանձն - հանձն
յափն - հափըն
յինքեանս - հինքյանս
միաբանեալ - միաբանյալ
տարածեալ - տարածյալ
գնացեալ - գնացյալ
հասեալ - հասյալ
արարեալ - արարյալ
զիւրոց - զյուրոց
բազմութիւն - բազմություն
զխաղաղութիւն - ըզխաղաղություն
գետոյն - գետույն
քոյր - քույր
պատանւոյն - պատանվույն
տեղի տայ - տեղի տա
ի հիւսիսոյ - ի հյուսիսո
ի հարաւոյ - ի հարավո

Աշխարհաբար
Այս ժամանակ ալանները, բոլոր լեռնականների հետ միաբանվելով, Վրաց աշխարհի կեսն էլ իրենց կողմը ձգելով, մեծ բազմությամբ գալիս սփռվում են մեր աշխարհում: Արտաշեսն էլ ժողովում է իր զորքերի բազմությունը, և տեղի է ունենում պատերազմ երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև: Ալանների ազգը փոքր - ինչ հետ է նահանջում և մեծ Կուր գետն անցնելով` բանակ է դնում գետի ափին` հյուսիսայինն կողմից. Արտաշեսն էլ գալով բանակում է գետի հարավային կողմում. գետը բաժանում է երկուսին:
Բայց որովհետև հայոց զորքերն ալանների թագավորի որդուն բռնում Արտաշեսի մոտ են բերում, ալանների թագավորը հաշտություն է խնդրում` խոստանալով տալ Արտաշեսին` ինչ որ ուզի, առաջարկում էր նաև երդումով դաշինք անել, որ ալանների երիտասարդներն այնուհետև չասպատակեն Հայոց աշխարհը: Երբ Արտաշեսը չի համաձայնում պատանուն հետ տալ, պատանու քույրը (Սաթենիկը) գալիս է գետի ափը, մի բարձրավանդակ և թարգմանների միջոցով ձայն է տալիս (խոսքն ուղղում է) Արտաշեսի բանակին:

Հարցեր և առաջադրանքներ
Հատվածը բարձրաձայն կարդա գրաբար և աշխարահաբար:
Այս բառերն ու բառաձևրը գտիր և դուրս գրիր գրաբար հատվածից. ժողովում է, լինում է, տեղի է տալիս (նահանջում է), անցնում է, բանակում է (բանակ է դնում), գալիս է, ձայնում է (ձայն է տալիս), այս ժամանակ, պատանու քույրը, գետի ափը, Արտաշեսի բանակը, գնալով, հասնելով, միաբանվելով,բոլոր լեռնականների հետ միաբանվելով, ձերբակալելով, մեծ բազմությամբ, երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև, Ալանների արքայի որդուն, գետը նրանց միջև, երդումներ և դաշինք, ալանների երիտասարդները:
Գրիր այս բառերի նույնանիշները (նույն իմաստն ունեցող բառեր).
Վրաց աշխարհ, Հայոց աշխարհ:
Ի՞նչ վերաբերմունք ունի հեղինակն ալանների նկատմամբ (գրիր և պատճառաբանիր):
Ի՞նչ իմացար Արտաշեսի և Սաթենիկի մասին: 

Լրացուցիչ աշխատանք

Վահան Թոթովենց <<Քրիստինե>> (<<Ընթերցարան 6 >>, էջ 51). կարդում և պատմել եք սովորում, գրավոր կատարում եք բոլոր առաջադրանքները:

Դասարանում  (04.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
ԱՇՆԱՆ ԵՐԳ
 Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
 Տերևները դե ղին,
 Պատեցին իմ ուղին...

 Ճաճանչները թոշնան...
 Կանաչներիս աշնան —
 Իմ խոհերը մոլար՝
 Ցրտահա՜ր, հողմավա՜ր...

 Կրակներըս անցան,

 Ցուրտ ու մեգ է միայն.
 Անուրջներս երկնածին
 Գնացի՜ն, գնացի՜ն...

Առաջադրանքներ
1. Դո՛ւրս եք գրում անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրում:
2. Բանաստեղծությունից դո՛ւրս եք գրում բարդ և ածանցավոր բառերը:
3. Ինչպե՞ս եք հասկանում Իմ խոհերը մոլար՝ ցրտահա՜ր, հողմավա՜ր... արտահայտությունը:
4. Գրե՛ք հետևյալ բառերի հոմանշային շարքը.
մեգ, անուրջ, հողմ, խոհ

Լրացուցիչ աշխատանք
Բանաստեղծությունն անգիր եք սովորում:
Բանաստեղծության վերաբերյալ ուսումնական նյութ եք պատրաստում (տեսանյութ կամ ռադիոնյութ):

Դասարանում  (05.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Կարդում ենք ստեղծագործությունը և գրավոր կատարում բոլոր առաջադրանքները:

Լրացուցիչ աշխատանք
Եղիշե Չարենցի <<Աշունը դեղնաթուխ նստել է դռանը>> (էջ 27)-անգիր եք սովորում բանաստեղծությունը, բոլոր առաջադրանքները գրավոր կատարում եք (6-4 դասարան)


Դասարանում  (06.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
1.  Փակագծերում տրված բայերր պահանջված ձևով qրի´ր:

Հայտնի  Է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չհրեպունջա  շրջանում Է անձրև գալիս: Սակայն պարզվում Է, որ երկրագնդի վրա մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ (անձրևել): Դա Հարավային Ամերիկայում Է: Անձրևի հեղինակր ջրվեժն Է: Ուժեղ քամին, որր միշտ (փչել) լեռներից, ջրափոշին հարթավայր (տանել): Այդտեղ  ջրափոշին  խոշոր կաթիլներ (դառնալ) ու որպես անձրև (տեղալ):

2. Տրված ածականներից ի՞նչ անել  կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր  կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող  մասնիկներն ընդգծի´ր:


Գեղեցիկ, հպարտ,  տգեղ, մեծ, փոքր, չար, չոր, թարմ, խոնավ, սև, բարձր, մանր, ճերմակ, դալուկ, ծանր:

3.  Տրված արմատներով ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի´ր:

Նստ, սահ, վազ, կարդ, խաղ, տես,  հագ, փախ, սառ, թռ, կպ:

4.  Նախադասությունները  լրացրո´ւ (ուղղակի խոսքեր գրի´ր):
Փոքրիկը խնդրեց.
-............
      - …………..,-անհանգիստ ասաց իշխանը,-…….:
-..................... ,- բողոքեց տղան:
-..................... ,-անհանգստացավ պապիկը:
-........ ,- շարունակ ասում էր մարդ-մեքենան ,-        :


5. Քո սովորական մեկ օրը նկարագրի՛ր (ամեն ինչ հերթով գրի՛րաշխատիր ոչինչ բաց չթողնելՔեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիսո՞ր գործերդ ես սիրով անումորո՞նք՝ ուղղակի որպես պարտականությունառօրյայիդ մեջ ի՞նչ կուզես փոխել և այլն): 


 Լրացուցիչ աշխատանք
Համացանցից Մխիթար Սեբաստացու մասին նյութեր գտե՚ք, կարդացե՚ք, պատմել սովորե՛ք,  10-12 նախադասությամբ գրավոր պատմե՚ք:


Դասարանում  (07.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Բանավոր քննարկում Մխիթար Սեբաստացու և <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի մասին:

Լրացուցիչ աշխատանք
Այս նյութերը շատ ուշադիր եք կարդում և նայում, քանի որ դասարանում պատմելու, քննարկելու և վերլուծելու ենք:

Դասարանում  (10.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
***
Եւ լուեալ Արտաշիսի զայսպիսի իմաստութեան բանս` գնաց յեզր գետոյն. Եւ տեսեալ զկոյսն գեղեցիկ, եւ լուեալ ի նմանէ բանս իմաստութեան` ցանկացաւ կուսին: Եւ կոչեցեալ զդայեակն իւր զՍմբատ` յայտնէ նմա զկամս սրտի իւրոյ, առնուլ զօրիորդն Ալանաց ի կնութիւն իւր, եւ դաշինս եւ ուխտս հաստատել ընդ ազգի քաջացն, եւ զպատանին արձակել ի խաղաղութիւն: Եւ հաճոյ թուեցեալ Սմբատայ, յղէ առ արքայն Ալանաց` տալ զտիկին օրիորդն Ալանաց զՍաթենիկ ի կնութիւն Արտաշիսի: Եւ ասէ արքայն Ալանաց.
Եւ ուստի՞ տացէ քաջն Արտաշէս
Հազարս ի հազարաց եւ բիւրս ի բիւրուց
Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս ալանաց:

Կարդա այսպես.
զկամս - ըզկամըս
զտիկին - ըզտիկին
զՍմբատ - ըզՍմբատ
զՍաթենիկ - ըզՍաթենիկ
լուեալ - լվյալ
իմաստութեան - իմաստության
տեսեալ - տեսյալ
կոչեցեալ - կոչեցյալ
զդայեակն - ըզդայյակն
թուեցեալ - թվեցյալ
յեզր - հեզր
յայտնէ - հայտնե
յղէ - հղե
գետոյն - գետույն
զկոյսն - ըզկույսըն
բիւրս - բյուրս
բիւրուց - բյուրուց
ի կնութիւն - ի կնություն
ի խաղաղութիւն - ի խաղաղություն
իւր - յուր
իւրոյ - յուրո
քաջազգւոյ - քաջազգվո

Բառարան
ուստի՞ - որտեղի՞ց
տացէ - տա, կտա, պիտի տա, տալու է (ո՞րը կընտրես այս նախադասությունը փոխադրելիս)
ի բիւրուց - բյուրերից (տասը հազարներից)
ընդ քաջազգւոյ կույս օրիորդիս ալանաց - ալանաց քաջազգի կույս օրիորդի փոխարեն

Աշխարհաբար
Արտաշեսն այս իմաստուն խոսքերը լսելով` գնաց գետի ափը և տեսնելով գեղեցիկ կույսին ու լսելով նրանցից իմաստուն խոսքեր ` նրան ցանկացավ: Կանչում է իր դայակը Սմբատին, բաց է անոմ իր սրտի փափագը` կին առնել ալանների օրիորդին,դաշինք և ուխտ դնել քաջերի ազգի հետ և պատանուն խաղաղությամբ արձակել: Սմբատը հավանություն է տալիս և մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, որ ալանների արքայազն օրիորդ տիկին Սաթենիկին կնության տա Արտաշեսին: Ալանների թագավորն ասում է . . .

Հարցեր և առաջադրանքներ
Ալանաց արքայի խոսքն ինքդ աշխարհաբար դարձրու:
Գրավոր պատմիր, թե ինչ պատասխանեց ալանաց արքան` առանց գործածելու հազար և բյուր բառերը:
Ըստ քեզ, ալանաց արքան Արտաշեսին մերժեց, թե չէ:
Ալանաց արքայի մասին գրավոր պատմիր ըստ այս հատվածի:
Մի քանի ձևով բարձրաձայն կարդա արքայի պատասխանը: Թող ընկերներդ որոշեն, թե ինչ է արտահայտում քո ընթերցանությունը:

Դասարանում  (11.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Բանավոր խոսքի մշակում- <<Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը>>-քննարկում, վերլուծություն

Լրացուցիչ աշխատանք
Այս վերնագրերից մեկն ընտրի՚ր և պատմություն հորինի՚ր (12-15  նախադասությունից ոչ պակաս)
 <<Երկիր, որտեղ մարդիկ միայն ժպտում են>> 
<<Աշխարհի ամենազարմանալի վայրը>>


Դասարանում  (12.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Կարդալ, բառարանի օգնությամբ անծանոթ բառերը թարգմանել, պատմել, քննարկել.
 Կարդում եք <<Սևանի Աստվածամայրը>> Քննարկում ենք, վերլուծում:

Լրացուցիչ աշխատանք
Ներկայացրեք 2013-2014 ուստարում կրթահամալիրիրում Ձեր կարծիքով արված ամենամեծ փոփոխության մասին՝ տեսաֆիլմով, ռադիոնյութով, հարցազրույցով կամ ընտրել ներկայացման այլ ձև:

Դասարանում  (13.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Ամփոփում-<<Ինչ գիտեմ Մխիթար Սեբաստացու մասին>>
Տեղեկությունները դնում եք բլոգներում

Լրացուցիչ աշխատանք
Նայում եք տեսանյութերը, նոր տեղեկությունները սովորում եք.

Դասարանում  (14.11.2014,  6-1, 6-2, 6-4դասարաններ)
Կարդալ, բառարանի օգնությամբ անծանոթ բառերը թարգմանել, պատմել սովորել.
                               
   Պայմանք տղայոց ընտրութեան
Արեւելք գտնուող քարոզիչներուն գրեց որ ընտանոք փոքրահասակ  տղաքներ ղրկեն ի Վենետիկորոնք ըլլան ազնիւևքաղցրաբարոյհոգեսէրքբարեպաշտ ընտանեաց զաւակներ,սրամիտքընթերցասէրք և ընդունակ ուսմանց:
Խստիւ պատուիրէր որ լաւ ընտրութիւն ընենքննեն անոնցկազմուածը՝ որ տկար և հիւանդոտ չըլլանփորձեն զանոնք,բացատրեն թե ինչ է կրօնաւորութիւնըդժուարութիւններ  դնենառջեւնինորպէս զի աւելի եւս յայտնի ըլլայ անոնց կոչումունենալը կամ ոչԿը գրէր որ չընդունին ծնողաց մէկ հատիկզաւակներըբայց միայն եթէ ուխտած ըլլան Աստուծոյ նուիրելուզանոնք:
 Տարիքի մասին՝ ամենէն փոքր 12-ամեայ և ամենէն մեծ 16-ամեայ տղաքը կընդունէրԴարձեալ տղայոց ընդունելութեան արգելքներ էին արտաքին պակասութիւնքինչպէս չափազանց հասակի կարճութիւնըշիլ և շատ խաղացող աչքերըև այլնչէր ընդունէր նաեւ ձառագէմներըև ուրիշ որևէ արատաւորներըվասն զի արտաքինը յաճախ ներքնոյն հայելին էկըսէր. «Ազնիւ իւղերը հասարակ անոթներու մէջ չէն պահուիրՄինչդեռ դիմաց չափակցութիւնը և արտաքին բարեձեւութիւնը շատ անգամ հոգւոյն գեղեցկութեան նշաններ են»: Միւս կողմանէ կընտրէր աւելի աղքտներուն քան հարուստերուն զաւակները. «Եթե երկու տղաք ըլլանկը գրէրմին աղքատ և ազնիւիսկ միւսը՝ հարուստ և պակասաւորպետք է առաջինը ընտրէք՝ քան վերջինըՆայեցէք որ աղքատներուն որդիքը ընտրէք և ղրկէքմիայն թէ սրամիտ և հեզաբարոյ ըլլանընդհանրապէս աղքատները խոնարհ և հլու կըլլանմինչդեռ հարուստերուն զաւակները բարձրամիտ և համարձակ կըլլան»:

Լրացուցիչ աշխատանք
Կարդում և պատմել եք սովորում Ավետիք Իսահակյանի<<Այդ ոչինչը ես եմ>> (<<Ընթերցարան-6>> էջ 67)ստեղծագործությունը, գրավոր կատարում եք բոլոր առաջադրանքները:

Դասարանում  (17.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
***
Քրիստոս  ի մէջ մեր  յայտնեցաւ
Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ,
Որ Էն Աստուած աստ բազմեցաւ.
Խաղաղութեան ձայն հնչեցաւ,
Սուրբ ողջունի հրաման տուաւ:
Եկեղեցի մի անձն եղև,
Համբոյրս յօդ լրման տուաւ.
Թշնամութիւնն հեռացաւ,
Սէրն յընդհանուրս սփռեցաւ:
Արդ, պաշտօնեայք՝ բարձեալ զձայն,
Տո՛ւք զօրհնութիւն ի մի բերան,
Միասնական Աստուածութեանն,
Որում սրովբէքն են սրբաբան:
Կարդա այսպես.
յայտնեցաւ – հայտնեցավ
յօդ – հօդ
յընդհանուրս - հընդհանուրս
(Նկատեցի՞ ր` բառակսզբում ինչպես է կարդացվում յ տառը:)
համբոյրս – համբույրս
թշնամութիւնն – թշնամությունն
օրհնութիւն - օրհնություն

Բառարան
ի մէջ մեր – մեր մեջ
յայտնեցաւ – հայտնվեց
յօդ – օդում
յընդհանուրս – ընդհանուրի մեջ
բարձեալ – բարձրացնելով
տուք – տվեք

Դասարանում  (18.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Կարդում և քննարկում ենք Ավ. Իսահակյանի <<Ուշինարա>> ստեղծոգործությունը (<<Ընթերցարան 6>> Էջ 180) -պատմում, քննարկում ենք

Լրացուցիչ աշխատանք
Ստեղծագործում եք «Աշնան տերևի մտածմունքը»

Դասարանում  (19.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Գրավոր կատարում ենք առ. 1, 2 (Ավ. Իսահակյանի <<Ուշինարա>> ստեղծագործություն):

Լրացուցիչ աշխատանք
 Գրավոր կատարում ենք առ. 3, 4, 5, 6 (Ավ. Իսահակյանի <<Ուշինարա>> ստեղծագործություն): 

Դասարանում  (20.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Գրում եք Ձեր կարծիքը ռադիոյի մասին, անում եք առաջարկություններ, նոր գաղափարներ: Ինչպիսի՞ն կուզեիք, որ լիներ մեր դպրոցական ռադիոն:
2. Կարդում ենք Միջին դպրոցի ենթակայքը: Քննարկում ենք ներկայացված նյութերը: Կարծիք գրելիս ուշադրություն ենք դարձնում մտքի հստակ ձևակերպմանը, կետադրությանը, բառերի ուղղագրությանը:

Դասարանում  (20.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Ընտրում եք վերնագրերից մեկը և ստեղծագործում.
<<Իմ տեսած աշունը>>
<<Աշնան գույներ>>
<<Աշունը իմ պատուհանից>>

Լրացուցիչ աշխատանք
1.Կարդում եք հատվածը, 5-6 նախադասությամբ շարունակում եք՝  հարազատ մնալով ոճին:
Աշուն էր, պայծառ աշուն
Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։
Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։
Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ։
Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։
2. Աշնան մասին նոր  բանաստեղծություն եք ընտրում և անգիր սովորում:

Դասարանում  (21.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
1. Կարդում ենք Միջին դպրոցի ենթակայքը: Քննարկում ենք ներկայացված նյութերը: Կարծիք գրելիս ուշադրություն ենք դարձնում մտքի հստակ ձևակերպմանը, կետադրությանը, բառերի ուղղագրությանը:

2. Քննարկում ենք հետևյալ բանաստեղծությունը /տրամադրությունը, ասելիքը, պատկերները/:
Փորձում ենք գրել նման եռատող բանաստեղծություն՝ նույն տրամադրությունն արտահատող:
****
Մերկ ճյուղի վրա
Նստած է մենակ մի ագռավ
Աշնան երեկո
****
Գարու հասկից
Ես բռնեցի, որ վայր չընկնեմ
Ինչքան դժվա~ր է բաժանման րոպեն:

Լրացուցիչ աշխատանք
Կարդում և պատմել եք սովորում Հովհաննես Թումանյանի <<Անգին քարը>> ստեղծագործությունը (<<Ընթերցարան 6>> Էջ 59) : Գրավոր կատարում եք բոլոր առաջադրանքները:

Դասարանում  (24.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
***
Ի մահուանն Արտաշիսի բազում կոտորածք լինէին ըստ օրինի հեթանոսաց. դժուարի, ասեն, Արտավազդ` ասելով ցհայրն.
Մինչ դու գնացեր,
Եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար,
Ես աւերակացս ում թագաւորեմ:

Բառարան
մինչ - այստեղ` երբ
զերկիրս ամենայն - այս ամբողջ երկիրը
 ընդ քեզ - քեզ հետ
աւերակացս - այս ավերակներին

Աշխարհաբար
Արտաշեսի մահվան ժամանակ, հեթանոսական սովորությամբ, շատ կոտորածներ էին լինում. սրա վրա(պատճառով), ասում են, Արտավազդը նեղանում է և ասում է հորը…

Հարցեր և առաջադրանքներ
Փորձիր գլխի ընկնել, թե զերկիրս ամենայն բառակապակցությունն ու աւերակացս բառը բացատրելիս որտեղից է ավելացել այս բառը:
Աշխարհաբար դարձրու Արտավազդի խոսքը:
Հորն ուղղված այս խոսքի մասին քո վերաբերմունքը շարադրիր.
ա)մեղադրիր Արտավազդին
բ)արդարացրու նրան:
Արտավազդի բնավորության ո՞ր գիծն է երևում այս հատվածում:
Բարձրաձայն կարդա հատվածն այնպես, որ նախորդ հարցի պատասխանդ զգացվի:


Դասարանում  (25.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Կարդում, քննարկում ենք Դանիել Վարուժանի <<Հասուն արտ>>բանաստեղծությունը (<<Ընթերցարան 6>> Էջ 154):

Լրացուցիչ աշխատանք
Դանիել Վարուժանի <<Հասուն արտ>> բանաստեղծությունն անգիր եք սովորում:

Դասարանում  (26.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)

Կարդում, պատմել եք սովորում և գրավոր կատարում եք առաջին առաջադրանքը.
Ակսել Բակունց <<Մթնաձոր>>

Դասարանում  (27.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Բանավոր խոսքի մշակում Ակսել Բակունց <<Մթնաձոր>>. քննարկում
Լրացուցիչ աշխատանք
Ակսել Բակունց <<Մթնաձոր>>. գրավոր կատարում եք առ.2, 3, 4, 5

Դասարանում  (26.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Բանավոր խոսքի մշակում Ակսել Բակունց <<Մթնաձոր>>. քննարկում

Լրացուցիչ աշխատանք

Ակսել Բակունց <<Մթնաձոր>>. գրավոր կատարում եք առ. 6, 7, 8, 9, 10

Դասարանում  (28.11.2014,  6-1, 6-2, 6-4 դասարանններ)
Կարդում ենք ընթերցասրահում

Լրացուցիչ աշխատանք

Գործնական քերականություն

1.     Կետերի փոխարեն գրի՛ր յաիա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

Միմ..նց, քվ..րկություն, որդ..կ, ..սաման, քիմ..ական, հեք..թային, ոսկ.., հր..կան, դաստ..րակություն, սեն..կ, կր.., Անդր..ս, Եղ..զարյան, կ..նք:

2.    Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Հիանալ, էական, ծիածան, ձիարշավ, րոպեական, գնչուական:

3.    Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր: Ո՞ր դեպքում գրեցիր յ-ն:

Հա.ացք, հա.ելի, հո.ակապ, մի.ացում, ձի.արշավ, տի.եզերական, փակե.ի, կա.արան, խաբե.ություն, է.ի, գնա.ի, բու.եր, տղա.ի, Մարո.ի:

4.     Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու... կոտրվել է: (ող, ոխ)
... սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ)
Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց .... գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն)
Մի քանի հողի ձեռք-ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի ...: (բույն, բուն)
Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել... շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)
Տնեցիներն այնքան են վարժվել ... անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

5.     Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Քո չքնաղ ծաղկի ... է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
Անթիվ ու ... են աստղերը: (բույր, բյուր)
... երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)
... երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)
... գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)

... գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)

Դասարանում  (01.12.2014,  6-1, 6-2, 6-4 դասարանններ)
Վասն որոյ անիծեալ զնա Արտաշիսի` ասաց այսպէս.
Եթէ դու յորս հեծցիս
ՅԱզատն ի վեր ի Մասիս,
Զքեզ կալցին քաջք, տարցին
ՅԱզատն ի վեր ի Մասիս.
Անդ կայցես եւ զլոյս մի տեսցես:

Բառարան
վասն որոյ - որի համար, որի պատճառով
անիծեալ զնա Արտաշիսի - Արտաշեսը նրան անիծելով
յորս - որսի
հեծցիս - հեծնես, կհեծնես, պիտի հեծնես, հեծնելու ես յԱզատն ի վեր ի Մասիս - Ազատ Մասիսն ի վեր(Ազատ Մասսով դեպի վեր)
կալցին - բռնեն, կբռնեն, պիտի բռնեն, բռնելու են
քաջք – քաջքերը (քաջք - դևեր, ոգիներ)
տարցին - տանեն, կտանեն, պիտի տանեն, տանելու են
անդ – այստեղ
կայցես - մնաս, կմնաս, պիտի մնաս
զլոյս - լույսը
մի տեսցես - չտեսնես

Դասարանում  (02.12.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
<<Հայոց լեզու 6>>ից գրավոր կատարում եք առաջադրանքներ 51, 52, 53, 54:

Լրացուցիչ աշխատանք
Կարդում և պատմել եք սովորում Վիլյամ Սարոյանի <<Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը>>
<<Մայրենիի ընթերցարան 6>>՝ էջ 41) ստեղծագործությունը, գրավոր կատարում եք բոլոր առաջադրանքները: 
Դասարանում  (03.12.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Ստեղծագործական աշխատանք <<Ինչո՞ւ են երազները երբեմն քնում>>

Դասարանում  (04.12.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Կուզեի լինել
                                                     Ռաբին Դրանաթ Թագոր
 Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,-  կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:
Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:
Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:
Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:
Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:
Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:
Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:
Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

Առաջադրանքներ
  1. Լրացրու տրված մտքերը.
  • «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` ….
  • «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ….
  1. Ստեղծագործության մեջ գտի’ր կրկնվող արտահայտությունը:
Ինչո՞վ է հիմնավորվում այդ կրկնությունը:
Լրացուցիչ աշխատանք
  1. Բնութագրի’ր այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի մոտ, ի՞նչ է նա երազում և այլն):
  2. Շարունակի’ր ստեղծագործությունը  (1 հատված)` հարազատ մնալով հեղինակի ոճին և արտահայտած գաղափարին:
Սկսի’ր այսպես` Կուզեի ես է

Դասարանում  (05.12.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
1. Հարցերին պատասխանելով՝ դպրոցական վեցերորդ տարվա մասին գրավոր պատմի՛ր: Պատմիր հետաքրքիր ոճով: Նյութդ հրապարակիր քո բլոգում:
Ա) Ի՞նչ նորույթուն կա ձեր դասարանում (աշակերտների թիվը նո՞ւյնն է. Նույն տեղո՞ւմ եք դաս անում, նոր սովորողներին բնութագրիր և այլն):
Բ) Ի՞նչ նոր առարկաներ եք անցնում: Դրանք ինչո՞վ են հետաքրքիր (ուրիշ ի՞նչ տպավորություն ունես):
Գ) Ուսուցիչներիդ մասին պատմիր:
Դ)Պատմի՛ր՝ Միջին դպրոցի մասին (շենքը, բակը, կարգ ու կանոնը, համեմատությունը կրտսեր դպրոցի հետ և այլն):
Ե) Ի՞նչ վերաբերմունք ունես այդ ամենի նկատմամբ:
Լրացուցիչ աշխատանք
.Հետևություն արա՝ կարդալով հետևյալ առակը.
Մի անգամ մի մարդ է գալիս իմաստուն արքայի մոտ և հարցնում է.
— Ասա ինձ, տիրակալ, աշխարհում կա՞ ազատություն:
— Իհարկե,- ասում է արքան:- Դու քանի՞ ոտք ունես:
Մարդը նայում է իրեն` զարմացած նման հարցից:
— Երկուսը, տիրակալ:
— Իսկ դու կարո՞ղ ես կանգնել մեկ ոտքի վրա:
— Կարող եմ:
— Դե փորձիր, բայց սկզբում որոշիր, թե որ ոտքի վրա…
Մարդը մի փոքր խորհելով` բարձրացնում է աջ ոտքը` հենվելով ձախի վրա:
— Լավ,- ասում է արքան,- իսկ հիմա բարձրացրու նաև մյուս ոտքդ:
— Ինչպե՞ս: Դա անհնար է, տիրակալ:
— Տեսնու՞մ ես: Ահա հենց դա է ազատությունը: Դու ազատ ես միայն առաջին որոշման ժամանակ, իսկ հետո ազատությունն ավարտվում է:
Դասարանում  (08.12.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Զրուցեն զսմանէ եւ պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. եւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն` ջանայ ելանել եւ առնել վախճան աշխարհի. այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանան, ասեն, կապանքն:
Վասն որոյ եւ առ մերով իսկ ժամանակաւ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին` յաւուր միաշաբթւոջ երիցս կամ շորիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն, շղթայքն Արտաւազդայ:

Կարդա այսպես.
կայ - կա
շղթայիւք - շղթայյուք
ջանայ - ջանա
միաշաբթւոջ - միաշաբթվոջ
Արտաւազդայ - Արտավազդա

Բառարան
Զրուցեն - զրուցում են, պատմում են
զսմանէ –սրանից, սրա մասին
եթէ - այստեղ` թե
արգելեալ կայ - այստեղ` փակված է, բանտարկված է
յայրի միում - մի այրում(այր - քարանձավ)
կապեալ –կապված
շղթայիւք - շղթաներով
հանապազ –միշտ
զշղթայսն - շղթաները
ջանայ - ջանում է
առնել վախճան աշխարհի - աշխարհի վերջը տալ, աշխարհը վերացնել
այլ – այստեղ` բայց
ի ձայնէ կռանահարութեան դարբնաց - դարբինների կռանահարության ձայնից
զօրանան - զօրանում են, ամրանում են
ասեն - ասում են
վասն որոյ - որի պատճառով
առ մերով իսկ ժամանակաւ - մեր ժամանակներում իսկ, մեր
 ժամանակներում էլ
բազումք ի դարբնաց - դարբիններից շատերը
զհետ երթալով առասպելին - հետևելով առասպելին
յաւուր միաշաբթւոջ - կիրակի օրը
երիցս կամ չորիցս - երեք կամ չորս անգամ
բախեն - այստեղ` խփում են
զի - որ, որպեսզի
զօրասցին - այստեղ` ամրանան

Հարցեր և առաջադրանքներ
Նկատեցի՞ր` բառավերջում ինչպես է կարդացվում այ - ը:
Ճիշտ կարդա այս բառերը.
ա) զսմանէ, զշղթայսն, զհետ, զսալն,
բ) արգելեալ, կապեալ, կռանահարութեան,
գ) յայրի, յաւուր,
դ) որոյ
Այս բառաձևերն ինչպե՞ս կլինեն աշխարհաբար:
պառաւունք, չունք, կապանքն, շղթայքն, զսալն:
Գրավոր փոխադրիր հատվածը: Ավելացրու նաև քո վերաբերմունքն այս պատմության նկատմամբ:
Գրավոր պատմիր Արտաշեսի և Արտավազդի մասին:

Դասարանում  (09.12.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)

Կարդացեք նամակը: Գրավոր քննարկեք:

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ: Նամակ դստերը

Սիրելի ճուտիկ. շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև , որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի:
Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քո տաղանդով ու մարդկային հատկություններով), իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի…
Եվ այսպես, ահա քո խենթ հոր խորհուրդները: Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:
Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Ծնողներիդ մասին մի մտածիր, տղաների, քո հիասթափութունների մասին՝ ևս:
Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը` ա) ուսման մեջ, բ) մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում, գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:
Սիրում եմ քեզ՝ Հայրիկ:

Դասարանում  (10.12.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Քննարկիր մտքերը.
  1. Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:
  2. Եթե երեխային հաճախ քննադատում են, նա  սովորում է դատապարտել:
  3. Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
  4. Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
  5. Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:
  6. Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում:
  7. Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:
  8. Եթե երեխային հաճախ են պախարակում, նա սովորում է մեղավոր զգալ:
  9. Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:
  10. Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:
  11. Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:
  12. Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:
  13. Երեխայի մասին վատ մի խոսեք նրա ներկայությամբ կամ առանց նրա:
  14. Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:
  15. Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:
  16. Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:
  17. Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:
  18. Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:
  19. Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:


Դասարանում  (11.12.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
1. Կարդում ենք կրթահամալիրի տնօրենի օրագիրը:
2. Պատասխանում ենք հետևյալ հարցերին.
  • Ո՞րն է տիար Բլեյանի մոտեցումը շրջապատի մաքրության աշխատանքներին:
  • Համաձա՞յն եք արված հարցադրումներին: Ձեր պատասխանը պատճառաբանեք:
  • Ո՞րն է ձեր մոտեցումը ձեր շրջապատի մաքրության աշխատանքներին: Ի՞նչ եք անում դուք ձեր շրջապատը մաքուր պահելու համար;
  • Ինչո՞վ եք բացատրում մեր շրջապատի համատարաշ աղտոտությունը:
  • Ի՞նչ լուծումներ եք առաջարկում:

Դասարանում  (12.12.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)
 Պատմվածք լավ տղայի մասին

Կարդալ պատմվածքը այստեղ:
Պատմվածքը կկարդանք երկու մասով:
Առաջադրանքներ մաս առաջին

Լրացուցիչ աշխատանք
  • Պատմվածքը պատմե՛լ սովորիր
Գրի՛ր անհեթեթ, սերտել, սփոփանք, ի դերև ելնել, առաքինի, շռայլել, դարանակալել, տոկուն բառերի բացատրությունը
  
Դասարանում  (15.12.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ) 
2. Ոմանք ասեն եւ ի ծնանելն զսա դիպեալ պատահարաց իմն. Զոր համարեցան կախարդել զսա կանանց զարմիցն Աժդահակայ. վասն որոյ զնոսա բազում չարչարեաց Արտաշէս: Եւ զայս նոյն երգիչքն յառասպելին ասեն այսպէս. եթէ
Վիշապազունք գողացան զմանուկն Արտավազդ
Եւ զդեւ փոխանակ եդին:

Աշխարհաբար
Ոմանք էլ ասում են, թե հենց սրա (Արտավազդի) ծնվելու ժամանակ մի պատահար է եղել, և կարծում են, թե Աժդահակի սերնդից կանայք նրան կախարդել են, որի պատճառով Արտաշեսը նրանց շատ չարչարեց: Այս նույն երգիչներն առասպելի մեջ այսպես են ասում…

Բառարան
վիշապազունք - վիշապազունները
զմանուկն Արտավազդ - մանուկ Արտավազդին
փոխանակ - այստեղ` փոխարեն
եդին - դրին

Հարցեր և առաջադրանքներ
Ճիշտ կարդա զսա, զնոսա, զմանուկն և զդեւ բառերը:
Ինչ կարող է նշանակել վիշապազուն բառը(համեմատիր արքայազուն, իշխանազուն բառերի հետ):
Աշխարհաբար դարձրու առասպելից մեջբերված հատվածը:
                                    
Դասարանում  (16.12.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)                                               Պատմվածքի քննարկում                                                                                                       Լրացուցիչ աշխատանք                                                                       
·       Բացատրիր տարօրինակ բառի կազմությունը, թվարկիր ևս հինգ բառ, որ կունենա նույն նախածանցը:
·  Խելացի զվարճություններինչպես կբացատրես այս արտահայտությունը, թվարկիր մի քանի այդպիսի զվարճություն:
·           Եթե քո մասին գիրք գրվեր կամ ֆիլմ նկարահանվեր, ինչ դրվագներ տեղ կգտնեին այնտեղ:
·       Ընտրիր բնութագրող բառերից, որը (որոնք) քո կարծիքով համապատասխանում է Ջեյկոբին և հիմնավորիր.
1.      բարի
2.      փառասեր
3.      խեղճ
4.      մեծահոգի
5.      ինքնահավան
6.      երազկոտ
· ինչու՞ Ջեյկոբը հաջողության չէր հասնում, ինչու՞ իրական կյանքում չէր կարողանում կիրառել գրքերից սովորածը դու անձամբ ինչ ես սովորում գրքերից, քո կարծիքով ինչպե՞ս է պետք օգտվել գրքի տված ,,գիտելիքից,,                                                                                                                          
 Դասարանում  (17.12.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)                                                      
Քեզ ոչ մեկ ոչինչ պարտավոր չէ              
 Նյութը կարդացե'ք այստեղ:                 
 Լրացուցիչ աշխատանք       
<<Քեզ ոչ մեկ ոչինչ պարտավոր չէ>> ստեղծագործությունը ծնողների հետ կարդացե'ք և  գրավոր վերլուծե'ք (12-15 նախադասությամբ):   

Դասարանում  (18.12.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)    
Հորինեք պատմություն՝ գործածելով հետևյալ ուղղագրական բառերը՝ պառկել, Ամանոր, ամենօրյա, միմյանց, հեքիաթային, բաճկոն, ճամփա, հնչյուն (գոյական), հնչուն (ածական), դարբին:                                                   

Լրացուցիչ աշխատանք   
Գործնական քերականություն

1.     Մի բառով գրի՛ր:

ա) Ո՞վ է, որ սովորում է դպրոցում: Այդպես կոչում են նաև նրան, ով որևէ արհեստ է սովորում:
բ) Ո՞վ է, որ ղեկավարում ու ցուցմունքներ է տալիս, ով առաջին դիրքն է գրավում ու իշխում է: Այսպես են կոչում նաև նրան, ով ճանապարհ է ցույց տալիս, առաջնորդում է:
գ) Ինչպե՞ս է կոչվում շինության ուղղահայաց մասը, որ ծառայում է շենքը մասերի բաժանող միջնորմ: Դա նաև բարձր պատնեշ է, պարիսպ:
դ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտում ենք իրերի, երևույթների և իրադարձությունների տևողությունը: Դա չափվում է դարերով, տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով, ժամերով և այլն:
ե) Ո՞վ է այն պաշտոնական անձը, որը վարում է դատավարությունը և գործի մասին դատավճիռ կամ որոշում է ընդունում:
զ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտվում է գիտակցության մեջ անցյալի տպավորությունները պահելու և վերականգնելու կարողությունը:

2.    Ի՞նչ է նշանակում՝

ծով, կղզի, փառք, խարույկ, երաժշտություն, ճակատագիր:

3.    Հարցերին պատասխանի՛ր:

1. Ո՞րն է բառի ձևը:
2. Ո՞րն է բառի իմաստը:

4.    Ա և Բ նախադասություններում ընդգծված բառերի իմաստները համեմատի՛ր:

ԱԵրկինքը կամաց-կամաց ամպեց, և սկսեց անձրևել:
Բ. Հայրը ամպեց, նստեց, ու տղան հասկացավ, որ պիտի լռի:
ԱԲժիշկը բամբակ է ուզում, որ վերքը մաքրի:
ԲԻսկական բամբակ է, երեխա չէ:
ԱԳետափին մի քար կա, որի վրա պառկում էր լողանալուց հետո:
ԲԱյդ մարդու սիրտը քար է:

5.  Կետերը փոխարինի՛ր տրված բառերից մեկով: Համեմատի՛ր բառի իմաստները տարբեր նախադասություններում:

Փափկել, սուր, ալիք, փչել:
... դանակ է. պետք, որ այդ բիծը քերեմ:
Շատ ... մարդ է ընկերս, նրա խոսքը լսել չի լինում առանց ծիծաղի:
... խորտակված նավի մի բեկոր ափ հասցրեց:
Կյանքի ... նրան շպրտել էր ընտանիքից հեռու:
Քամին ... էր ամբոդջ ուժգնությամբ:
Ընկերները գիտեին, որ նա ... էր, ոչ մի վագրի էլ չի հանդիպել: Մոմն արևից ... ու ծռմռվել էր:
Մի քանի քաղցր խոսքից ... էր, չորությունից ու խստությունից հետք չէր մնացել:


6.  Տրված բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր ուղղակի և փոխաբերաբար:

Արևոտ, սառը, շողալ, լողալ:

7.  Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված:

Թղթի վրա մի ուղիղ գիծ գծիր:
Վաղուց մեր փողոցով տրամվայ չի անցնումգիծը քանդված է:
Բազկին հազիվ նշմարելի մի գիծ կար. երևում էր, որ դեպքը վաղուց է պատահել:
Մոռանա՞լ, ինչպե՞ս. դեմքի հստակ ու անկրկնելի գծերը կարծես տպվել էին սրտի մեջ:
Չեմ հասկանամ քո բռնած գիծը. ո՞ւր ես հասնելու կռվով ու խռովությամբ:
Գնա՛, սահմանն անտառից հեռու չէգիծը որ անցար, էլ քեզ ոչ մեկը չի հետապնդի:

8.  Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված:

Ինչո՞ւ ես խաղալիքներդ շաղ տվելհավաքի՛ր:
Բոլոր ընկերներիդ հավաքի՛ր ու զգուշացրո՛ւ:
Ամեն օր պիտի հավաքես անկողինդ:
Ո՞վ է երբևէ այդքան բերք հավաքել:

Եթե չես ուզում, որ մարդիկ հուզմունքդ տեսնեն, հավաքի՛ր քեզ:

Դասարանում  (19.12.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)   
Ստեղծագործական աշխատանք
<<Իմ երազանքի Ամանորը>>

Լրացուցիչ աշխատանք   
Ընտանիքիդ անդամներից Ամանորի մասին հարցազրույց վերցրու:

Դասարանում  (22.12.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)   
***
Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի,
Տեղայր մարգարիտ ի հարսնութեանն Սաթինկանն:
Կարդա այսպես.
փեսայութեանն - փեսայությանն հարսնութեանն - հարսնությանն
Նկատեցիր, որ եա - ն կարդացվում է յա (հիշիր նաև սեաւ, հանեալ, անցեալ, ձգեալ բառաձևերը):

Բառարան
Տեղ - տեղում, անձրև
Տեղ ոսկի - ոսկի անձրև
տեղայր –տեղում էր
ի փեսայութեանն Արտաշիսի - Արտաշեսի փեսայության ժամանակ
ի հարսնութեանն Սաթինկանն - Սաթենիկի հարսնության ժամանակ

Հարցեր և առաջադրանքներ
Մեկ նախադասությամբ գրավոր փոխադրիր հատվածի բովանդակությունը: Ինչքան հնարավոր է` համառոտիր այդ նախադասությունը:
Քեզ որ հեքիաթից է ծանոթ «ոսկի անձրև» արտահայտությունը:
Խորենացին սա բացատրում է այսպես (հատվածն աշխարհաբար դարձրու).
Քանզի սովորութիւն իսկ էր թագաւորացն մերոց, փեսայութեամբ ի դուռն տաճարին հասանել` դահեկանս ճապաղել իբրեւ զհիւպատեանն Հռոմայեցւոց. սապէս եւ թագուհեացն յառագաստին` մարգարիտ:

Բառարան
սովորութիւն էր թագաւորացն մերոց - մեր թագավորների սովորությունն էր, մեր թագավորները սովորություն ունեին
ի դուռն տաճարին հասանել - տաճարի(այստեղ` պալատի) դռանը հասնելու ժամանակ
դահեկանս ճապաղել –դահեկաններ շաղ տալ(դահեկան - հռոմեական ոսկե դրամ)
իբրեւ զհիւպատեանն Հռոմայեցւոց - հռոմեացիների հյուպատոսների նման
սապէս եւ թագուհեացն - նույնպես և թագուհիների
 յառագաստին - այստեղ` առագաստի սենյակում
Գրավոր պատմիր Արտաշեսի և Սաթենիկի մասին:

***
1. Սա առաջին եղեալ ի կանանցն Արտաշիսի` ծնանի նմա զԱրտաւազդ եւ զայլս բազումս:

Աշխարհաբար
Սա (Սաթենիկը) Արտաշեսի կանանց մեջ առաջինը դառնալով` (նրա համար) ծնում է Արտավազդին ուրիշ շատ զավակներ:

Դասարանում  (23.12.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ)  
Հետազոտական աշխատանք-համացանցից գտնել տեղեկություններ Ամանորի մասին, կարդալ, խմբագրել, դնել բլոգում:

Լրացուցիչ աշխատանք   
Հետևյալ թեմաներից մեկն ընտրել, համացանցից նյութեր գտնել, կարդալ, խմբագրել, պատմել սովորել, դնել բլոգում:


·                     Ամանոր 2015-ընդհանուր տեղեկություններ
·                     Ամանորյա գույներ
·                     Ամանորը տարբեր երկրներում
·                     Ամանորյա սանրվածք, հագուստ                                    
Դասարանում  (24.12.2014,  6-1, 6-2, 6-4 դասարանններ) 
Տոնածառի ծագումը-կարդալ, պատմել, քննարկել

Լրացուցիչ աշխատանք 
Դասարանում կարդացած նյութը կարդում եք մինչև վերջ, պատմել սովորում:

Դասարանում  (25.12.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ) 

Տոնածառի ծագումը-կարդալ, պատմել, քննարկել

Լրացուցիչ աշխատանք 
Կանաչ եղևնին-կարդալ, դուրս գրել անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրել, սովորել բացատրությունները
Վերլուծեք հեքիաթը՝ պատասխանելով հետևյալ հարցերին:
1. Գրավոր պատմեք երկու ծառերի մասին, համեմատեք նրանց:
2. Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը:
3. Համաձայն եք արդյո՞ք ստեղծագործության ասելիքի հետ, ինչո՞ւ:
4. Ձեզ ամենից շատ ո՞ր կերպարն է դուր եկել, ինչո՞ւ:
5. Որպես վերջաբան՝ գրեք ձեր կարծիքը ստեղծագործության մասին:
Նոր վերջաբան հորինեք առակի համար

Դասարանում  (26.12.2014,  6-1, 6-2, 6-4 դասարաններ) 
Հատված Վ. Սարոյանի <<Բան ունեմ ասելու>> պիեսից-կարդում, քննարկում, վերլուծում ենք

Լրացուցիչ աշխատանք 
1. Տեքստը  համաոոտ փոխադրի´ր և համապա­տասխան հետևություննե´ր արա:
Լինում է չի լինում, մի փադիշահ  է լինու մ: Մի անգամ այս փադիշահն իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի  ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում.
- Ո՜վ  ալևոր, այդ ինչո՞վ ես զրաղված այս շոգ կեսօրին: Հանգստանալուդ  ժամանակը վաղուց հասել է,  իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե´ս, մինչև այս ծառը պտուղ տա:
-Ո՜վ  ամենակարող տեր, չէ´ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ  տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Բայց էլի ապրելու հույս մինչև այն օրը, որ ծառն  սկսի պտուղ տալ:
Փադիշահին  դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով  լի քսակ է տալիս:
-Այ, տեսնո՞ւմ ես՝ ծաոն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին:
Փադիշահր ծիծաղում ու էլի մի քսակ է տալիս ծերու- նուն:
-Ո´վ մեծ փադիշահ, ուշադրությո´ւն դարձրու, որ մյուս  ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ:
Այս կատակն ավելի է դուր գալիս փադիշահին: Նա ծերունուն է տալիս երրորդ  քսակն ու ասում իր ուղեկիցնե- րին.
-Գնա´նք, բարեկամնե´ր, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ  կանգնենք, բոլորովին կսնանկանանք:
2. Փոքրիկ պատմություն գրի´ր, որ գրածիցդ հետևյալ հետևությունն արվի.
Մարդիկ ավելի ներողամիտ պիտի   լինեն:

Ամանորյա նախագիծ (27.12.2014թ.-15.01.2015թ.)

Պատրաստում եք տեսաֆիլմեր, ձայնագրություններ հետևյալ թեմաներով.

  • Ամանորը մեր ընտանիքում
  • Ամանորյա ամենաանսպասելի նվերը
  • Ամանորյա ամենահետաքրքիր պատմությունը, իրադարձությունը
  • Ամանորյա ամանահամեղ ուտեստը
  • Ամանորյա ամենահետաքրքիր ձևավորումը


Ամանորյա ընթերցանություն
(կարող եք գտնել այս գրքի թղթային տարբերակը և կարդալ)

Դասարանում (12.01.2015-19.01.2015,  6-1, 6-2, 6-4 դասարանններ) 

«Ես կարողանում եմ» ստուգատես
  • կարողանում եմ ընթերցել. ներկայացնում եմ հետևյալ ստեղծագործությունները (գրել վերնագրերըդնել հղումները դուրս գրած հատվածների վրա)
  • կարողանում եմ վերլուծել իմ կարդացած ստեղծագործությունները (դնել հղումները վերլուծությունների վրա)
  • կարողանում եմ հիմնավորված կարծիքներ արտահայտել (դնել հղումները կարծիքների վրա)
  • կարողանում եմ գեղարվեստորեն շարադրել մտքերս (դնել հղումները)
  • կարողանում եմ շարադրել մտքերս (դնել հղումները)
  • կարողանում եմ ներկայացնել բանավոր խոսքս ռադիոնյութերի տեսքով (դնել հղումները)
  • կարողանում եմ ներկայացնել բանավոր խոսքս  տեսաֆիլմերի տեսքով (դնել հղումները)
  • կարողանում եմ բերանացի ներկայացնել բանաստեղծությունները (բեմում, տեսաֆիլմով)
«Ես կարողանում եմ» ստուգատեսի արդյունքները հրապարակեք ձեր բլոգներում:





No comments:

Post a Comment

Թատրոն-ճամփորդության հայտի ուսումնասիրություն

Ուսումնասիրությունն արվել է ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի: Ուսումնասիրությունը կատարվել է ըստ այս ենթակ...