Thursday, May 22, 2014

Ջրի կաթիլը


Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական  չափսերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավել, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը և, հանդերձ այդու, ուրախանում և զվարճանում յուրովի:
Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող,- ինչ որ է՝այդ էր անունըՆա իր հոգսն էր համարում զննել ամեն ինչ՝դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ, Աստված, ո~նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո~ր, հազարավո~ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում, կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:
- Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնել դրանց մեջ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:
Ծերուկը մտածեց-մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:
- Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա քիչ կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն, և այն էլ` ամենաառաջնակարգ: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի  էր   մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:
- Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,- հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:
- Կարո՞ղ ես` կռահիր,- արձագանքեց Հոգսեն Զննողը:- Թե որ կռահես ինչ է` քեզ կնվիրեմ: Բայց գլխի ընկնելը հեշտ չէ, մանավանդ որ չգիտես` ինչն ինչոց է:
Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, բոթում, ճանկռոտում, խածնում ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր` ցած էր ընկնում:
- Մի տե~ս, մի տե~ս, հրեն էն մեկի ոտքն իմինից երկար է, թող կորչի, թող վերանա: Բա սա~. ականջի հետևի ելունդին նայեք՝ մանր ու ցավոտ: Ուրեմն, թո՛ղ ավելի ցավի:
Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ: Տեսնեն` ինչ-որ մեկն իր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էին պրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:
- Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:
Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:
- Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը.- Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. ախար դրանք իրար շատ են նմանՍա մեծ քաղաք է:
- Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

Առաջադրանքներ
1.     Բացատրի'ր հետևյալ բառերը.
կորնթարդ, վխտալ, վարգել, զեռալ, ելունդ:
(Կարող ես օգտվել բացատրական բառարանից:)
2. Լրացրո'ւ թերի մտքերը՝ընտրելով փակագծում տրված բառերից մեկը:
• «Ջրի կաթիլը» ստեղծագործությունը հեքիաթ (է, չէ), որովհետև ….
Պատմվածք (է, չէ), որովհետև ….
Առակ (է, չէ), որովհետև ….
3. «Ջրի կաթիլը» ստեղծագործությունից դո'ւրս գրիր տրված մտքերը հաստատող օրինակներ:
Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:
Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:
Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:
Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:
4. Լրացրո'ւ տրված մտքերը.
• «Ջրի կաթիլը» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` ….
• «Ջրի կաթիլը» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ …. (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ….
5. Ինչո՞ւ է ստեղծագործությունը վերնագրված «Ջրի կաթիլը»: Պատասխանդ պատճառաբանի'ր: Ինքդ վերնագրի'ր ստեղծագործությունը:
6. Կազմի'ր հետևյալ բառերի հոգնակիի ձևերը:
Մարդ, գլուխ, տիկին, մուկ, սանր, հարս, նախամարդ, գնդակ:

No comments:

Post a Comment

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագիծ

Վախթանգ Անանյանը համացանցում Կյանքը և գործունեությունը Պատմվածքներ Անանյանի   ստեղծագործություններից «Որսորդական պատմվածքներ» ...