Տեղեկատվական տեխնոլոգիաներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում
Մանկավարժական առարկայական գիտելիքներ
Ծրագրային
դրույթներ տնային աշխատաքն ընտրած սովորողի համար
Շատերը կհամաձայնեն ինձ հետ, եթե
ասեմ, որ շատ մեծ է լինում դասավանդողի հիասթափությունը, երբ դասաժամիդ առաջին տասից
տասնհինգ րոպեն փորձում ես պարզել, թե ով է դասին պատրաստ, ով անպատրաստ, և տեսնում
ես, որ դասարանի միայն քսանից երեսուն տոկոսն է, որ տանն «ինչ-որ բան» արել է, իսկ
մյուսներից լսում ես միևնույն «բացատրական» արտահայտությունները... Ո՞րն է մեր՝ դասավանդողներիս,
պատասխան քայլը. նեղվում ես, բարկանում, երկուս, մինուս ես դնում՝ հետագայում սովորողի
կողմից առաջադրանքը կատարելու և գնահատականը փոխելու պայմանով (այս վերջինը՝ լավագույն
դեպքում): Դասն ավարտվում է, և տեսնում ես, որ շատ քիչ բան ես հասցել դասարանում անել:
Եթե ամեն օր էլ ստուգես տնային աշխատանքները, սովորողների մի մեծ խումբ ամեն օր էլ
մինուս կամ երկուս կստանա: Ասենք թե դրեցիր երկուսը, հա ի՞նչ: Միևնույնն է, տարվա վերջում
դնում ես ամենացածր բավարարը: Հո՞ այդ բոլորին
դպրոցից դուրս չեն թողնելու: Արդյունքում մնում է «դասարանային նեղվածությունն ու անզորությունը»:
Ո՞րն է լուծումը:
Հենց այստեղ էլ փակուղում ես հանդիպում,
և «մայրենի լեզվի կազմակերպումը առանց տնային
աշխատանքի» մոդելը, կարծես թե, փրկության միակ ելքն է: Թո՛ղ տնային աշխատանք կատարեն
այն սովորողները, ովքեր ուզում են կատարել, որոնց իսկապես հետաքրքիր է մայրենին:
Եվ այսպես՝ մայրենիի ուսուցման նոր
ձև՝ նոր խնդիրներով...
- կազմել տնային առաջադրանքների փաթեթ
- առաջադրանքները չպետք է լինեն դասարանում անցածի շարունակությունը, որպեսզի տնային առաջադրանք չընտրած սովորողը բացթողումներ չունենա
- առաջադրանքները պետք է հնարավորին չափ հետաքրքիր լինեն, չպետք է նման լինեն նախորդ տարիներին հանձնարարած տնային աշխատանքներին
ցանկալի է՝ նախագծային լինեն
Ասեմ, որ նախորդ տարիների ընթացքում
կատարած դիտարկմանս արդյունքում նկատել եմ, որ միջին դպրոցի սովորողը ավելի հաճույքով
է աշխատում փոքրածավալ նյութի հետ: Նյութ, որը նա կարդում է մեկ դասաժամի ընթացքում,
քննարկում, աշխատում դրա հետ: Կարծում եմ, որ այս տարի էլ առավելությունը կտամ փոքրածավալ
ստեղծագործություններին՝ նկատի ունենալով անցած տարիների փորձը: Ինչ վերաբերում է տնային
աշխատանքներին, կարծում եմ, որ այստեղ պետք է տարբերակում մտցնել: Քիչ չեն այն սովորողները,
որոնք սիրում եմ մեծածավալ գործեր կարդալ: Սրա հետ կապված մի հավելում. անցած տարի
մի նախագծ էի իրականացնում յոթերորդ դասարաններում: Նախագիծս անվանել էի «Արտադասարանային
ընթերցանություն»: Մեծածավալ պատմվածքներ, վիպակներ էի հանձնարարում՝ տալով որոշակի
ժամանակ (նայած ստեղծագործության ծավալին): Ասեմ, որ բավականին հետաքրքիր քննարկումներ
էին լինում, սովորողների մի լավ խումբ ակտիվ կարդում էր: Հենց այս փորձն էլ աչքի տակ
ունենալով՝ տնային աշխատանքի փաթեթ կազմելիս պետք է առանձնացնեմ տնային աշխատանքի նման
ձևը: Համոզված եմ, որ շատ կլինեն տնային աշխատանքի հենց այս տարբերակը ընտրողները: Նման առաջադրանքների
ստուգումը պատկերացնում եմ հետևյալ ձևերով.
·
կենդանի-անմիջական քննարկումներ
·
առցանց քննարկումներ
Այստեղ հավելեմ, որ շատ արդյունավետ
է սովորողների միջոցով նման քննարկումներ կազմակերպելը, երբ հենց սովորողներն են նախապատրաստվում
քննարկմանը՝ հարցեր մշակում, հարցադրումներ առաջ քաշում և այլն...
Ինչպես արդեն նշեցի՝ տնային առաջադրանքի
մյուս ձևը փոքրածավալ ստեղծագործությունն է՝ իր տարատեսակ առաջադրանքներով.
·
գրականագիտական առաջադրանքներ
·
լեզվական առաջադրանքներ
Տնային առաջադրանքների փաթեթում շատ
եմ ուզում ունենալ տրամաբանությունը զարգացնող լեզվական առաջադրանքների «փաթեթիկ»,
որը ժամանակ առ ժամանակ կթարմացվի:
Վերը թվարկածներս պետք է բերել նախագծային
ուսուցման ձևի:
Ասեմ, որ այս դրույթները դեռ ամբողջական
չեն, քննարկման, մշակման փուլում են: Այժմ այսպես եմ պատկերացնում տնային աշխատանք
ընտրած սովորողի համար կազմած փաթեթի սխեման, բայց կարծում եմ, որ արդյունքում լրիվ
այլ բան է ստացվելու:
No comments:
Post a Comment