Tuesday, September 9, 2014

Հովհաննես Թումանյան.բանաստեղծություններ


ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։




Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։


Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։


ՀԱՄԵՐԳ
Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։


Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ
Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։


Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ...

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ
Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ։

Քընած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց
Գրկված են քընած,
Վերևիցն, ասես,
Ժըպտում է աստված։


* * *
Ա՜խ, ես երանի
Կայծա՜կ լինէի,
Որոտ-ճայթյունով
Մըռայլ ամպերից
Ժայթքեի ըմբոստ,
Զարկեի ուժգին,
Պատռեի խավար
Կամարը երկնի,
Ցույց տայի մարդուն
Գաղտնիքը վերին,
Որ տեսներ՝ այնտեղ
Ի՞նչ բան կա ահեղ,
Կամ ո՞վ է նըստած,
Եվ ո՞ւր է աստված․․․

ՊԱՏՐԱՆՔ
Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։


Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան...

Զո՜ւր... վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել...


No comments:

Post a Comment

Թատրոն-ճամփորդության հայտի ուսումնասիրություն

Ուսումնասիրությունն արվել է ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի: Ուսումնասիրությունը կատարվել է ըստ այս ենթակ...