***
ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բո՛ց ունէր մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք:
Կարդա այսպես.
ծովն — ծովըն
զկարմրիկն — ըզկարմրիկըն
ի բոցոյն — ի բոցույն
Բառարան
երկնէր — երկնում էր (ծնում էր)
երկին — երկինք(ը)
ծովն ծիրանի — ծիրանի ծովը
երկն — երկունքը
ի ծովուն — ծովում, ծովի մեջ
ունէր — 1. բռնել էր 2. ուներ
զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին
ընդ եղեգան փող — եղեգնի փողով
ելանէր — ելնում էր
ի բոցոյն — այն բոցից
վազէր — վազում էր
աչկունք — աչիկները
արեգակունք – արեգակներ
Հարցեր և առաջադրանքներ
- Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:
- Վահագնին նկարագրող պատկերները դուրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրիր նրան:
- Ինչո՞ւ էր Վահագնն այդպիսին (ուշադրություն դարձրու նախորդող պատկերներին և պատասխանիր ըստ դրանց):
- Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ - որ բան խորհրդանշող:
- Բանաստեղծությունն այնպես խմբագրիր, որ կրկնվող բառեր ու արտահայտություններ չլինեն: Բարձրաձայն կարդա և՛ բանաստեղծությունը, և՛ քո խմբագրածը. Փորձիր հասկանալ` թե ի՞նչ են տալիս կրկնությունները:
- Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրու:
***
Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,
Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`
Զայլոց դիւցազանց զարմից
Բառնալ զկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով
Ի ստրկաց կարգի պահել
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:
Կարդա այսպես
յաղթեցեր - հաղթեցեր
հաւանեաց - հավանյաց
աչագեղոյ - աչագեղո
զպատանիդ - ըզպատանիդ
զկենդանութիւն - ըզկենդանություն
միոյ - միո
դիւցազանց - դյուցազանց
յաւիտենական - հավիտենական
Բառարան
յաղթեցեր - հաղթեցիր
հաւանեաց - հավանիր
անսա - հավատա
բանից - խոսքերի (ն)
աչագեղոյ դստերս ալանաց - իմ`
ալանաց աչագեղո դստեր
զպատանիդ - այդ պատանուն
զի - թե, որովհետև, քանի
որ, քանզի
վասն - մասին, պատճառով, համար
միոյ քինու - մի քենի
դիւցազանց - դյուցազունների,
դյուցազուններին
օրէն - օրենք, կարգ
զարմ - ցեղ, տոհմ, զավակ
զայլոց դիւցազանց զարմից -
այլ դյուցազունների զարմից
բառնամ - վերցնել, տանել
բառնալ զկենդանութիւն - սպանել
ծառայեցուցանել - ծառայեցնել
ի ստրկաց կարգի - ստրուկների
կարգում
թշնամութիւն յավիտենական -
հավիտենական թշնամություն
ի մէջ երկոցունց ազգաց
քաջաց - երկու քաջ ազգերի մեջ
Հարցեր և առաջադրանքներ
- Նկատեցի՞ր, թե ինչպես է կարդացվում բառասկզբի յ տառը (հիշիր նաև յերկրի, յաշխարհս, յանձն, յափն բառաձևերը):
- Հատվածն աշխարհաբար դարձրու:
- Այս հատվածն ավելի շատ Արտաշեսի՞, թե՞ Սաթենիկի մասին է: (Փաստարկված խոսիր: )
- Քո կարծիքով, Սաթենիկի համար եղբորն օգնե՞լն էր միայն կարևոր, թե՞ էլի մի բան:
- Դուրս գրիր Սաթենիկի խելացիությունն արտահայտող տողերը:
- Ըստ այս հատվածի, բնավորության ի՞նչ ուրիշ գիծ կարող ես վերագրել Սաթենիկին:
- Փորձիր նկարագրել Սաթենիկին:
- Գրավոր բնութագրիր Սաթենիկին:
- Դուրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:
- Բարձրաձայն կարդա հատվածն այնպես,, որ երևա`
ա) Սաթենիկը հավատում է իր
խոսքի ուժին
բ) Սաթենիկը շատ է ուզում
օգնել եղբորը, բայց վախենում է` չկարողանա:
***
Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`
Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր:
Կարդա այսպես.
սեաւն — սյավն
հանեալ — հանյալ
ձգեալ — ձգյալ
զարծուի — արծվի
ցաւեցոյց — ցավեցույց
զմեջք — ըզմեջք
իւր — յուր
Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում ու — ն ձայնավորից առաջ:
Բառարան
արի արքայն Արտաշէս — Արտաշես արի արքան, արի Արտաշես արքան
ի սեաւն գեղեցիկ — գեղեցիկ սևը (սև ձին)
հանեալ — հանելով, հանած, հանել(է)
ձգեալ — գցել
զարծուի սրաթեւ — սրաթև արծիվ
ընկեց — գցեց
ի մէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը
զմէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը
հասուցանելով — հասցնելով
ի բանակն իւր — իր բանակը
Հարցեր և առաջադրանքներ
- Անցեալ բառը ինքդ բացատրիր:
- Ի՞նչ բառով է արտահայտված արի բառի իմաստը նախորդ հատվածներում:
- Դո՛ւրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:
- Ոսկէօղ շիկափոկ պարանն բառակապակցությունը Խորենացին բացատրում է այսպես (հատվածն ուսուցչի օգնությամբ փոխադրիր).
- Քանզի պատուեալ է առ Ալանս մորթ կարմիր` լայքա շատ եւ ոսկի բազում տուեալ ի վարձանս` առնու զտիկին օրիորդն Սաթինիկ: Այս է ոսկէօղ շիկափոկ պարանն:
- Գտիր կրկնվող բառերն ու բառակապակցությունները և փորձիր բացատրել դրանց գործածությունը:
- Ըստ այս հատվածի պատմիր Արտաշես արքայի մասին:
- Բարձրաձայն կարդա ստեղծագործությունն այնպես, որ երևա`
ա) Արտաշեսի արարքն հերոսական է.
բ) գեղեցիկ, սովորական արաք է.
գ) վատ արարք է:
Աստվածաշնչյան ընթերցումներ
Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։
Բառարան
որ- ով, ով որ
հատուցանէ- հատուցում է, տալիս է
փոխանակ բարւոյ- բարու փոխարեն
ի տանէ նորա-նրա տանից
մի պակասեսցէ- չպակասի, չի պակասի, չպիտի պակասի, չի պակասելու
Հարցեր և առաջադրանքներ
- Նախադասությունն աշխարհաբար դարձր'ու։
- Գրաբար դարձրո'ւ այս նախադասությունը.
- Բարու փոխարեն չարով մի' հատուցիր (մի' հատուցաներ), չարը տանիցդ (ի տանէ քումմէ) չի պակասի։
- Երկու նախադասությունների արտահայտած մտքերը տարբերվո՞ւմ են (պատասխանդ հիմնավորի'ր)։
- Պատմի'ր մի պատմություն (կարդացած, լսած, հորինած), որի հետևությունն այս խրատը լինի։
- Այս խրատը տեսանյութի կամ ռադիոնյութի վերածի'ր։
No comments:
Post a Comment